Պատմություն

«Մանչեսթեր Յունայթեդ» (անգլ.՝ Manchester United Football Club), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մեծ Մանչեսթերից, հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ Հիմնադրվել է որպես «Նյուտոն Հիթ (Լանկաշիր Էնդ Յորքշիր Ռեյլուեյ)» 1878 թվականին, անվանափոխվել է 1902 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Աշխարհի ամենահանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկն է, անգլիական Պրեմիեր Լիգայի հիմնադիր ակումբներից մեկը 1992 թվականին։ Ակումբը 1910 թվականից իր խաղերն անցկացնում է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որն Անգլիայի՝ տարողությամբ երկրորդ ֆուտբոլային մարզադաշտն է՝ «Ուեմբլիից» հետո և տեղավորում է գրեթե 76000 հանդիսական։ «Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է աշխարհի ամենահարուստ և ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբներից մեկը։ Վերջին 20 տարիների ընթացքում Անգլիայի ամենահաջողակ ակումբներից մեկն է. 1986 թվականի նոյեմբերից, երբ ակումբն սկսեց գլխավորել Ալեքս Ֆերգյուսոնը, նվաճել է 27 խոշոր գավաթ։ Պրեմիեր Լիգայի 2010-2011 մրցաշրջանում թիմը նվաճել է ռեկորդային 19-րդ տիտղոսը՝ դառնալով Անգլիայի ռեկորդակիր չեմպիոնական տիտղոսների քանակով և շրջանցելով «Լիվերպուլին», որը հաղթել էր 18 չեմպիոնական տիտղոս։ 2012-2013 մրցաշրջանում ակումբը նվաճել է նաև 20-րդ տիտղոսը։ 1968 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է առաջին անգլիական ակումբը, որը նվաճել է Չեմպիոնների գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Բենֆիկային» 4-1 հաշվով։ 1999 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է եվրոպական ամենապատվաբեր ակումբային առաջնության՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ կամային հաղթանակ տանելով «Բավարիա Մյունխենի» նկատմամբ 2-1 հաշվով։ 2007-2008 մրցաշրջանում թիմը կրկին նվաճել է Չեմպիոնների լիգան՝ հաղթելով լոնդոնյան «Չելսիին»։ Բացի այդ «Մանչեսթեր Յունայթեդը» 12 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։ 2012-2013 մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը Ալեքս Ֆերգյուսոնը, ով նշանակվել էր այդ պաշտոնին 1986 թվականի նոյեմբերի 6-ին, թողեց պաշտոնը, սակայն մնաց ակումբային կառույցներում և ակումբի տնօրենների խորհրդի անդամ է, բացի այդ հանդիսանում է ակումբի դեսպան։ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ ֆուտբոլային ակումբը 27 տարվա ընթացքում նվաճել էր 38 տիտղոս, ինչի շնորհիվ նա դարձավ ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն մարզիչներից մեկը։ 2010 թվականին «Յունայթեդը» ընդգրկվել է ամենաբարձր եկամուտներ ունեցող երեք ֆուտբոլային ակումբների ցանկի մեջ։ 2015 թվականի մայիսի 7-ին Forbes ամսագիրը գնահատեց ակումբը 3,1 միլիարդ դոլար (2,04 միլիարդ ֆունտ)։ Թիմի գլխավոր մարզիչը պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն է[19]։ Թիմի ավագը Մայքլ Կարիկն է, ով փոխարինել է 2017 թվականի ամռանը ակումբից հեռացած Ուեյն Ռունիին։