Single Blog Title

This is a single blog caption

Պոգբա. «Եթե խոսեմ, ինձ կտուգանեն»

ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է այն մասին, թե թիմում տիրող մթնոլորտն ինչպես է ազդում խաղի վրա:

«Ավագի կոչումը միայն թևկապը չէ: Ես պետք է ես լինեմ: Եթե կարողանում եմ լիցքավորել թիմին, եթե թիմն ինձ վստահում է, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում:

Պետք է հասկանալ մի բան. խաղացողը, որին ընտրում են ու որից բոլորը գոհ են, իրեն ավելի լավ ու հարմարավետ է զգում, քան դժգոհության պահին: Սա ամենն է, ինչ ես կասեմ:

Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականում մենք բոլորս մի թիմ էինք: Մարզիչը, ֆիզիոթերապևտը, ադմինիստրատորը. բոլորը դրա մեջ էին: Թիմակիցներս ինձ թույլ էին տալիս խոսել ու արտահայտել մտքերս:

Բոլորը մի նպատակով էին եկել՝ հաղթել: Երբ կողքիդ գտնվող բոլորն ուզում են պայքարել քեզ համար, ամեն ինչ ավելի հեշտ է տրվում, թիմն ավելի մեծ բարձունքի է հասնում:

Այո, ես հիմա աշխարհի չեմպիոն եմ, բայց նույն Պոլ Պոգբան եմ: Ակնհայտ է, որ այստեղ այլ թիմ է: Ես դեռ նույնկերպ սիրում եմ ֆուտբոլն ու ողջ ուժերս ներդնում եմ հանուն թիմի:

Երբ քեզ հարմարավետ ես զգում, երբ բոլորն իրար վստահում են, երբ մտքում, գլխում, ամեն ինչ լավ է, ամեն ինչ ավելի հեշտ է տրվում:

Եթե երջանիկ չես նրանով, ինչ անում ես, իմաստ չկա դա անելու, ճի՞շտ է: Աշխատանքը պետք է քեզ դուր գա, հակառակ դեպքում չես կարող լիովին նվիրվել դրան:

(Հարցին՝ արդյոք նա իրեն հարմարավե՞տ է զգում ՄՅՈՒ-ում ու գո՞հ է ամեն ինչից) Կան բաներ, որոնց մասին չեմ կարող խոսել, հակառակ դեպքում ինձ կտուգանեն»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր Մոուրինյուի հետ լարված հարաբերությունների պատճառով Պոգբան ուզում է հեռանալ թիմից: