Single Blog Title

This is a single blog caption

Խայտառակ պարտություն. Մոուրինյուն շարունակում է «սպանել» ՄՅՈՒ-ի խաղը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» խայտառակ պարտություն կրեց «Հադերսֆիլդից»՝ 2:1 հաշվով: Ժոզե Մոուրինյուն այս խաղի համար ընտրել էր հետևյալ մեկնարկային կազմը՝

Հենրիխ Մխիթարյանն ու Մարկուս Ռեշֆորդը բացակայում էին մեկնարկային կազմից: Առաջին անհասկանալի երևույթը սա է: Երկրորդն այն, որ խաղի մեկնարկային րոպեներից ՄՅՈՒ-ն չէր էլ փորձում կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ: Եզրային կիսապաշտպանները պարզապես չէին սրում խաղը: Գրոհների հիմնական կազմակերպիչները եզրային պաշտպաններն էին՝ Էշլի Յանգն ու Անտոնիո Վալենսիան: Իսկ նրանք կարճ ու միջին փոխանցումներ կատարելու փոխարեն գնդակն անընդհատ բարձրից ուղարկում էին մրցակցի տուգանային հրապարակ:

Նեմանյա Մատիչը պարզապես տապալեց այս խաղը: Ֆուտբոլի հետ կապ չունեցող մարդն էլ կնկատի, որ սերբ ֆուտբոլիստը ուժասպառ է եղել: Այս խաղում Մատիչը 8 փորձից ընդամենը մեկում է կարողացել գնդակ խլել:

Պետք չէ մոռանալ, որ նա նախամրցաշրջանային փուլ չի անցկացրել ո՛չ «Չելսիում», ո՛չ «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա 29 տարեկան է և այս մրցաշրջանում ամբողջ ծանրաբեռնվածությամբ խաղում է հավաքականում և ակումբում: Մոուրինյուն կարող է արդարանալ, որ այլ կենտրոնական կիսապաշտպան չունի իր տրամադրության տակ (Ֆելլաինին, Կերրիկը և Պոգբան վնասվածքներ ունեն), բայց չէ որ կա Դեյլի Բլինդը, որը շատ լավ է գործում հենակետայինի դիրքում: Վերջին հաշվով կարելի էր հենակետային գոտում թողնել միայն Անդեր Էռերային: Մի շարք թիմեր խաղում են նման կերպ, իսկ ամենավառ օրինակը ՄՅՈՒ-ի անմիջական մրցակից «Մանչեսթեր Սիթին» է: Բայց ցավոք, Մոուրինյուն չունի այդքան համարձակություն:

«Մանչեսթեր Յունայթեդը» երկու գոլ բաց թողեց Մատայի և Լինդելոֆի կոպիտ սխալների պատճառով: Սա այն դեպքն է, որ պետք չէ որևէ մեկին մեղադրել: Նման դեպքեր լինում են յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիերայում: Ցավալին այն է, որ Լինդելոֆը հոգեբանորեն պատրաստ չէր այս խաղին: Շատ անփույթ էր գործում փոխարինման մտնելուց հետո: Իսկ այն, որ նա պատրաստ չէ այսպիսի խաղերին մասնակցելուն, մեղավոր է Մոուրինյուն:

Եվ ընդհանրապես, այս իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն միայն Ժոզե Մոուրինյուն է: Պորտուգալացու թիմը առաջնության նորեկի դեմ խաղում ստեղծել է ընդամենը 5 գոլային պահ, որից 3-ը եղել են բարձրից փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում խաղադաշտ մտան Ռեշֆորդն ու Մխիթարյանը, բայց էապես սրել խաղը, այդպես էլ չհաջողվեց: Չհաջողվեց, քանի որ մրցակիցն արդեն ամբողջ կազմով պաշտպանվում էր: Ճիշտ է, Ռեշֆորդը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց դա այն միակ դեպքն էր, երբ «մանկունյանցիները» կարողացան օգտվել «Հադերսֆիլդի» ֆուտբոլիստների սխալից:

Ռոմելու Լուկակուն այս խաղում իրեն նման չէր, իսկ դրա մեղավորը նույնպես Մոուրինյուն է: Բելգիացիան անընդհատ լքում էր կենտրոնական հարձակվողի դիրքը՝ տեղափոխվելով եզրեր կամ դաշտի կենտրոն: Եվ ոչ, դա «Հադերսֆիլդի» ֆուտբոլիստների խիտ դասավորվածության հետ կապ չունի: Դա Մոուրինյուի առաջադրանքն էր: Ուղղակի զարմանալի է՝ ինչու՞ փոխել այն, ինչն առանց այդ էլ հիանալի աշխատում է:

Այս պարտությունից հետո ՄՅՈՒ-ն առաջին հորիզոնականում ընթացող «Ման. Սիթիին» զիջում է 5 միավորով: Եթե Մոուրինյուն ցանկանում է, որ իր թիմը պայքարի չեմպիոնության համար, ապա պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի: